21 նոյեմբերի 2019 - 13:51 AMT
Արարատում 7 զոհով ՃՏՊ-ի գործով նախաքննությունն ավարտվել է. Վարորդ է կալանավորվել

Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ավարտվել է 7 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, «Տոյոտա Հիլուքս» ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է: Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում, բախվել էին «Տոյոտա Հիլուքս», «ԳԱԶԵԼ» և «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենաները: Բախման արդյունքում՝ 7 մարդ մահացել էր, ևս 4-ը՝ վիրավորվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս գալով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և իրականացնելով ձախակողմյան երթևեկություն՝ բախվել է այդ ուղեմասով դեպի Երասխ ընթացող «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային ավտոմեքենային:

Երթուղայինին բախվել է «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենան և նույն պահին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային ավտոմեքենայի շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել երթուղային ավտոմեքենայում:

Հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» և «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենաներում՝ անզգուշությամբ առաջացնելով «ԳԱԶԵԼ»-ի վարորդի և 6 ուղևորների մահ, իսկ ևս 4 ուղևորների առողջությանը պատճառվել է միջին ծանրության և ծանր մարմնական վնաս:

Ըստ փորձագետի եզրակացության՝ հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել «ԳԱԶԵԼ»-ի շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մեխանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում: