21 նոյեմբերի 2019 - 15:58 AMT
Ոստիկաններն ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտել

Սպիտակի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկաններն ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտել:

Նոյեմբերի 20-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներն ու Լոռու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները հերթական ուժեղացված ծառայությունն են իրականացրել՝ բնապահպանական ոլորտի օրինախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։

Սպիտակ-Վանաձոր ճանապարհի սկզբնամասից բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Լոռու Մարց գյուղի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդը», որը բարձված էր մոտ 4 խմ փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Լոռու Եղեգնուտ գյուղի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի վարած խոշոր բեռնատարը ևս բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Սպիտակ-Վանաձոր ճանապարհից։ «Զիլ»-ը բարձված էր մոտ 8 խմ փայտանյութով, որի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ վարորդը չի ներկայացրել։

Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։