21 նոյեմբերի 2019 - 18:15 AMT
Կառավարությունը հավաստագրեր կտրամադրի կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր ձեռք բերելու համար

2020 թվականի հունիսի 1-ից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետական աջակցության շրջանակում կոխլեար իմպլանտ կրող անձանց կտրամադրի հավաստագիր՝ կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր ձեռք բերելու համար։ Այս նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:

«Նախագծով սահմանվում է տրամադրված աջակցող միջոցների մակնշում անելու պահանջ, մինչ աջակցող միջոցի տրամադրումը շահառուին: Սա միտված է ծառայությունների հասցեականության բարձրացմանը, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ապահովմանը»,- կառավարության նիստին ասել է նախարար Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ նախագիծը բխում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացում ի հայտ եկած խնդիրները լուծելու անհրաժեշտությունից:

Նախագծով առաջարկվում է նաև ավելացնել աջակցող միջոցների տեսականին՝ ներառելով նաև կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի պարագաներ:

«Դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Առողջապահության նախարարությունն իրականացնում է իմպլանտի տեղադրման վիրահատություններ, որոնք բավականին թանկ են, սակայն դրա սպասարկումը, ցավոք, որևէ կերպ չի ֆինանսավորվել պետության կողմից, և այս նախագծով առաջարկում ենք, որ 2020 թ. դրա սպասարկումը ևս իրականացվի պետական աջակցության շրջանակում»,-ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Ներկայացված նախագծի շրջանակում՝ այսուհետ 0-16 տարեկանների համար անվասայլակների տրամադրման ժամկետը կդառնա 2 տարի՝ 3-ի փոխարեն: