22 նոյեմբերի 2019 - 10:42 AMT
Վանեցյան. ՀՀ-ում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր

ԱԱԾ նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը՝ «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է, որ Հայաստանում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, որոնք ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում՝ չմանրամասնելով, սակայն, թե նրանք ում կողքին են՝ հեղափոխականների, թե հակահեղափոխականների։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ վարչապետի հանձնարարականները երբեմն տարակուսանք են առաջացրել, Վանեցյանն ասել է, որ տարակուսելու շատ առիթներ է ունեցել:

Վանեցյանի հարցազրույցից նաև պարզ է դարձել, որ, իր կարծիքով, «Սորոսի» գրասենյակի գործունեությունը վտանգներ է պարունակում ՀՀ համար:

Նա դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք հանրությունը մոլորության մեջ է։

Անդրադառնալով ապագային՝ Վանեցյանն ասել է, որ իր ողջ գիտակից կյանքում ծառայել է հայրենիքին և կշարունակի դա անել: «Թե այդ ծառայությունը ինչպես կարտահայտվի՝ ժամանակը ցույց կտա։ Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան։ Ես ազատ մարդ եմ՝ կաշկանդված չեմ որևէ բանով։ Ես կորոշեմ, թե ինչով զբաղվեմ՝ քաղաքականությամբ, հասարակական, թե այլ գործունեությամբ»,-ասել է նա։

Սեպտեմբերի 16-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական էր տվել և հայտարարություն տարածել իր որոշման վերաբերյալ: «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- ասվում էր Վանեցյանի հայտարարության մեջ:

Նոյեմբերի 21-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ֆեդերացիայի գործկոմի անդամներին: