22 նոյեմբերի 2019 - 11:31 AMT
Սենատոր Փերդյուն ևս արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն նոյեմբերի 21-ի երեկոյան արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությունը:

Բանաձևի ընդունմանն ուղղված երկկուսակցական արշավի շրջանակում սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թոմ Քրուզը կոչ էին արել միաձայն ընդունել թիվ 150 բանաձևը: Մենենդեսը և Քրուզը հանդես էին եկել Սենատում՝ հորդորելով արագացված ընթացակարգով ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևին համահունչ բանաձևը, հայտնում է է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

«Եթե սենատոր Փերդյուն, և ևս մի քանի նրա գործընկերներ, ցանկանում էին դեմ քվեարկել բանաձևին, թող քվեարկեին, բայց չխանգարեին մեծամասնությանը քվեարկել երկկուսակցական բանաձևի համար»,-ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել սենատորներ Մենենդեսին և Քրուզին աջակցության համար և նշել է, որ անում են ամեն հնարավորը ԱՄՆ Սենատում «Անկարայի վետոն չեղարկելու համար»:

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի իրավաբանական կոմիտեի նախագահ Լինդսի Գրեմը, որը հանրապետական է, վետո է դրել օրենսդիր մարմնի վերին պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա: Դա տեղի է ունեցել Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։