22 նոյեմբերի 2019 - 11:31 AMT
Իրավապահները ստուգում են ոստիկանությունում հակագազով և մահակով ցուցմունք կորզելու տեսանյութը

Նոյեմբերի 21-ին համացանցում հայտնված «Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» տեսանյութի կապակցության ստուգումներ են իրականացվում: Այս մասին PanARMENIAN.Net-ին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Տարածված տեսանյութի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում, այս պահին որևէ այլ մանրամաս հայտնել հնարավոր չէ»,- ասաց Գաբրիելյանը՝ նշելով, որ տեսանյութի վաղեմության ժամկետի մասին ևս այս պահին որևէ բան ասել չի կարող:

Թեմային անդրադարձել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես քրեական վարույթ նախաձեռնվի։

«Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,-գրել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում: