22 նոյեմբերի 2019 - 12:03 AMT
Անի Զախարյանը Վիլսոնի արձանը Երևանում կանգնեցնելու համար կդիմի Մարությանին ու ԱՄՆ դեսպանին

«Ժողովրդական արդարության ազգային շարժման» առաջնորդ Անի Զախարյանը նամակ կհանձնի ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի արձանը Երևանում կանգնեցնելու պահանջով:

Այս մասին Անի Զախարյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ նոյեմբերի 22-ը պատմական օր է հայ և ամերիկացի ժողովուրդների կյանքում, քանի որ 1920-ի այդ օրը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրել է «ԱՄՆ նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման մասին» իրավարար վճիռը:

Զախարյանը միևնույն ժամանակ քննադատություն է հնչեցրել ԱՄՆ սենատոր Լինսի Գրահամի հասցեին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա վետո դնելու համար: Նա նշել է, որ սենատորն այդ քայլով կասկածի տակ է դրել ԱՄՆ հեղինակությունը:

«Շատ ուրախ կլինենք, եթե ԱՄՆ դեսպանատունը ակտիվ մասնակցություն ունենա այս հարցում և մոտ ապագայում Վիլսոնի արձանը վեր խոյանա Հայոց երկնքի տակ՝ որպես հայ-ամերիկյան կայուն հարաբերությունների խորհրդանիշ»,-եզրափակել է նա: