22 նոյեմբերի 2019 - 12:39 AMT
Մարտի 1-ի տուժածներին 545 մլն դրամ է հատկացվել

Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով որպես տուժող աջակցություն ստանալու համար մինչև նոյեմբերի 12-ը 63 դիմում է ներկայացվել: Այս մասին Factor.am-ին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվել է 63 դիմում, որոնցից 45-ը՝ բավարարվել է, 19-ը՝ մերժվել, իսկ 1-ը՝ քննարկման փուլում է: 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրված աջակցության չափը մինչև նոյեմբերի 12-ը կազմում է 545 մլն դրամ»,- նշել են արդարադատության նախարարությունից:

2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ աջակցություն ստանալու իրավունք ունեն՝

1) 2008 թվականի փետրվարի 19-ին Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը,

2) այն անձը, որի առողջությանը 2008 թվականի փետրվարի 19-ին Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Անձի առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը հաստատվում են դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ:

2008 մարտի 1-ին` նախագահական ընտրություններից հետո, Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացել էին։