22 նոյեմբերի 2019 - 13:18 AMT
Կոնստանտին Օրբելյանը՝ «Գրեմմիի» հավակնորդ

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբության էջում:

Օրբելյանն այդ երաժշտական մրցանակին է ներկայացվում արդեն 4-րդ անգամ:

«Մեր համատեղ ալբոմը «Մետրոպոլիտեն» օպերայի հրաշալի ամերիկացի տենոր Սթիվեն Կոստելլոյի հետ ներկայացվել է Grammy-ի «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում: Ձայնասկավառակը ձայնագրվել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի (Լիտվա) մասնակցությամբ, որի գլխավոր դիրիժորն եմ ես»,-ասվում է գրառման մեջ:

2016-ի հունիսին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով նշանավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար:ԿոնստանտինՕրբելյանը ծնվել է 1956 թ. Սան Ֆրանցիսկոյում, Սյունյաց Օրբելյանների իշխանական տոհմից սերած ընտանիքում: Չորս տարեկանից արդեն սովորել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիային կից մանկական երաժշտական դպրոցում, իսկ որպես դաշնակահար դեբյուտով հանդես է եկել 11 տարեկանում՝ Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական բարձրագույն դպրոցը:

1980-90 թթ. որպես վիրտուոզ դաշնակահար 750 համերգային ելույթներ է ունեցել մի շարք հեղինակավոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում։ Ամերիկյան հանրահայտ երաժիշտների հետ շրջագայել է ռուսական երաժշտական կենտրոններում և ռուս արտիստների հետ՝ Հյուսիսային Ամերիկայում:Շոտլանդական թագավորական ազգային նվագախմբի և դիրիժոր Նեեմե Յաարվիի հետ նրա ձայնագրած Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը Միացյալ Թագավորությունում արժանացել է «Տարվա լավագույն կոնցերտի ձայնագրություն» մրցանակին։

Դաշնակահարի փայլուն կարիերային զուգահեռ Կ. Օրբելյանը մեծ գործունեություն է ծավալել նաև օպերային արվեստում, հանդես գալով որպես դիրիժոր և գեղարվեստական ղեկավար:2014-ից ղեկավարում է Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը: