23 նոյեմբերի 2019 - 11:11 AMT
2020-ի «Երևանի գինու օրերը»՝ մայիսի 1-ին և 2-ին

Գինուն նվիրված հայաստանյան և միջազգային տոների շարքում իր առանձնահատուկ տեղն ունեցող «Երևանի գինու օրերը» 2020-ին կանցկացվեն մայիսի 1-ին և 2-ին։

Միջոցառումն ամեն տարի տեղի է ունենում մայիս ամսվա առաջին ուրբաթ և շաբաթ օրերին։

Միջոցառումն անցկացվում է Սարյան-Մոսկովյան փողոցների՝ Պուշկինից մինչև Սպենդիարյան խաչմերուկներն ընկած հատվածում և Թումանյան փողոցից մինչև Փարպեցի խաչմերուկ, ժամը 17։00-ից մինչև 23։00, ասվում է կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում։

Գինու օրերին, գինու սիրահար զբոսաշրջիկներն ու տեղացիներն ունեն ընտրության լայն հնարավորություն. ըմպել հայկական էնդեմիկ սորտերից պատրաստված լավագույն գինիները, ըմբոշխնել սպիտակ, կարմիր և ռոզե գինիների ամբողջ համային սպեկտորը՝ զուգակցելով դրանք իրենց նախընտրած հայկական համեղ ուտեստներով, պանրի լայն տեսականիով և/կամ համաշխարհային խոհանոցի այլ խորտիկներով:

2020թ․ նորույթը․ եթե չգիտեք` ինչի հետ կարելի է համադրել գինին, ապա գինու միջազգային և հայ լավագույն մասնագետներն իրենց վարպետաց դասերով ձեզ կփոխանցեն գինին ըմպելու գաղտնիքները: Վարպետաց դասերի 2 օրերի ժամանակացանկը, մասնագետների անուններն ու տոմսերի վաճառքը կհայտարարվեն փետրվար ամսից։

2020-ի «Երևանի գինու օրերը» նվիրված են լինելու Մարտիրոս Սարյանի 140 ամյակին: Ուստի սարյանական գույները կդառնան միջոցառման անբաժան մասը: Սարյանի տուն-թանգարանի դիմաց լինելու է վարպետաց դաս-մրցույթ «Գինին և արվեստը» խորհրագրով։ Փորձելու եք՝ ըմբոշխնելով գինին, նկարել Սարյանական գույներով։

«Ավելին, եթե այս ամենին ավելացնենք պարային երաժշտություն, լուսային վառ ու նոր ձևավորում, ընկերական ջերմ շրջապատ, գարնանային զով երեկոներ, ապա այցելուների խելահեղ, անմոռանալի ու միաժամանակ մշակութային ժամանցն ապահովված է»,-ասվում է գրառման մեջ։

Միջոցառման մուտքն ազատ է բոլորի համար, սակայն ներկայացված գինիներից օգտվելու համար հարկավոր է ձեռք բերել դրա համար նախատեսված հատուկ փաթեթ` 7000 դրամ արժողությամբ: Փաթեթն իր մեջ ներառում է կտորե պատյան, գինու բաժակ՝ լոգոյով, տեղեկատվական գրքույկ 15 կտրոնով, ինչպես նաև զեղչի կտրոններ ներկայացված ռետորաններից օգվելու համար և այլ զեղչային անակնկալներ: Գրքույկն իր մեջ ներառելու է տեղեկատվություն, թե որ գինեգործի մոտ տվյալ գինին քանի կտրոն է արժենալու ամբողջական բաժակի կամ համտեսի համար: Բացի փաթեթներից, առանձին վաճառվելու են լոգոյով բաժակներ՝ 1500դրամ, և կտրոններ 250դրամ արժողությամբ: