28 նոյեմբերի 2019 - 10:57 AMT
Փաշինյանը ցավակցել է Մակրոնին Մալիում ֆրանսիացի զինվորականների մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Մալիում ուղղաթիռների բախման հետևանքով տասներեք ֆրանսիացի զինծառայողի մահվան մասին, որը ֆրանսիական բանակի համար ամենամեծ կորուստն է վերջին երեսուն տարվա ընթացքում։

Ֆրանսիայի համար սգո այս դժվարին պահին, խնդրում եմ ընդունել հայ ժողովրդի և անձամբ իմ խորին ցավակցությունները՝ Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին։ Կիսում ենք զոհվածների ընտանիքների և հարազատների խոր վիշտը և կսկիծը»,-ասվում է հեռագրում։

Մալիում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, 13 ֆրանսիացի զինվորական է զոհվել: Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին ջիհադականների դեմ գործողության ընթացքում, հայտնում է Ելիսեյան պալատը:Վթարի պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա: AFP գործակալությունը ռազմական շրջանակներում աղբյուրի վրա հղումով հայտնում է, որ ուղղաթիռները բախվել են:

Մալիում և Սախելի գոտու մյուս երկրներում, որը տարածվում է Ատլանտյան օվկիանոսից մինչև Կարմիր ծով, Ֆրանսիան «Բարխան» առաքելության շրջանակում պայքարում է իսլամիստ ահաբեկիչների դեմ: Գործողությանը մասնակցում է 4500 ֆրանսիացի զինվորական: