28 նոյեմբերի 2019 - 12:06 AMT
«Կոմերսանտ». «ՌուսՀիդրոն» Սևան–Հրազդան ՀԷԿ-ը կվաճառի Սամվել Կարապետյանի «Տաշիրին»

«ՌուսՀիդրոն» մտադիր է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը վաճառել Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի կառույցներին: Այդ մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը:

Նշվում է, որ ցածր սակագների պատճառով ՀՀ-ից արդեն հեռացել է մեկ այլ ռուսական էներգետիկ ընկերություն՝ «Ինտեր ՌԱՕ»-ն:

Կասկադի արժեքը կարող է կազմել 173 միլիոն ռուբլի (մոտ 2,7 մլն դոլար): Գնորդը կպարտավորվի նաև մարել վարկերը: Ըստ փորձագետների, գործարքը ձեռնտու է երկու կողմերին՝ «ՌուսՀիդրոն» կազատվի պարտքերից, իսկ «Տաշիրը» կընդլայնի ներկայությունը ՀՀ էներգետիկ հատվածում:

«ՌուսՀիդրոն» վաճառելու է Միջազգային էներգետիկ ընկերության (ՄԷԿ) 90 տոկոսը, որին պատկանում է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը (561 ՄՎտ), Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի կառույցներին: Որպես գնորդ հանդես կգա Հրազդանի էներգետիկ ընկերությունը, որին պատկանում է Հայաստանի խոշորագույն ՋԷԿ-ը` (1,11 ԳՎտ հզորությամբ), գրում է թերթն իրազեկ աղբյուրների վրա հղումով:

«ՎՏԲ Կապիտալի» վերլուծաբան Վլադիմիր Սկլյարը նշել է, որ ՄԷԿ-ի արժեքը ձգտում է զրոյի՝ հաշվի առնելով սակագների բարձրացման քաղաքական բարդությունն ու ընկերության վնասները:

Գործարքի ավարտից հետո ռուսական ընկերությունների ակտիվում կմնա միայն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, որի սեփականատերը, գազատրանսպորտային ցանցի հետ մեկտեղ, «Գազպրոմ Արմենիան» է: Բացի այդ «Ռոսատոմը» զբաղվում է ՀԱԷԿ-ի արդիականացման ծրագրով:

Սևան-Հրազդան կասկադը կառուցվել է 1930-1962 թթ.: Այդ ժամանակից ի վեր այն մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի հիդրոէլեկտրականության ստացման գործընթացում։ Կասկադն ընդգրկում է 7 փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ձգվում են Հրազդան գետի երկայնքով՝ Սևանա լճի և Երևան քաղաքի միջև։