29 նոյեմբերի 2019 - 16:26 AMT
Իրաքում 1 օրում ավելի քան 30 ցուցարար է սպանվել

Նոյեմբերի 28-ին Իրաքում ավելի քան 30 ցուցարար է զոհվել անվտանգության ուժերի հետ բախումներում, որոնք հաջորդել են Էն Նաջաֆում Իրանի հյուպատոսության հրկիզմանը:

Վերջին շաբաթների ընթացքում Իրաքի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ մասնակիցները պահանջում են աշխատանք, պայքար կոռուպցիայի և բյուրոկրատիայի դեմ:

Ըստ Reuters-ի, առնվազն 29 մարդ սպանվել է հրազենից, տասնյակ մարդիկ վիրավորվել են, այնուհետև զորքերը կրակ են բացել Էն Նասիրիում կամուրջը շրջափակած մարդկանց ուղղությամբ: Չնայած գործող պարետային ժամին, բախումներից հետո տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ միանալով զոհերի սգո արարողությանը, գրում է Deutsche Welle-ն:

Եվս 4 մարդ զոհվել է երկրի մայրաքաղաք Բաղդադում: Ոստիկանները կրակել են մարտական և ռետինե փամփուշտներով: Էն Նաջաֆում հայտնի է դարձել 2 զոհի մասին:

Նոյեմբերի 27-ին ցուցարաները հրկիզել էին Նաջաֆում գտնվող Իրանի հյուպատոսությունը: Ցուցարարները մեղադրում էին Իրանին Իրաքի ներքին գործերին միջամտելու մեջ: Նրանք վանկարկում էին՝ «Իրան, ձեռքերդ հեռու Իրաքից»: Հյուպատոսության աշխատակիցները հասցրել էին փախչել: Իրանը դատապարտել է այդ հարձակումը:

Սա նոյեմբերին տեղի ունեցած արդեն 2-րդ հարձակումն է Իրաքում գործող Իրանի հյուպատոսությունների վրա: Նման հարձակում էր եղել նար Քերբելա քաղաքում:Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին ստանձնել է պաշտոնը մեկ տարի առաջ՝ բարեփոխումներ խոստանալով, որոնք այդպես էլ չեն մեկնարկել: Իրաքի երիտասարդները հոկտեմբերից բողոքի ակցիաներ են սկսել: Բողոքի առաջին ալիքի ժամանակ 149 մարդ է սպանվել: