29 նոյեմբերի 2019 - 17:24 AMT
Իրաքի վարչապետը որոշել է հեռանալ պաշտոնից

Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին հայտարարել է, որ մտադիր է հեռանալ պաշտոնից՝ արյունահեղ անկարգությունների ֆոնին, որոնց ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել: Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը:

ԶԼՄ-ները հայտնել են, որ բողոքի ակցիաներն ուղեկցող անկարգությունների ժամանակ բախումների հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել, տուժել է մոտ 15,000-ը:

«Ես նամակ կուղարկեմ Ներկայացուցիչների պալատ՝ վարչապետի պաշտոնից հրաժարականի խնդրանքով»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նոյեմբերի 28-ին Իրաքում ավելի քան 30 ցուցարար է զոհվել անվտանգության ուժերի հետ բախումներում, որոնք հաջորդել են Էն Նաջաֆում Իրանի հյուպատոսության հրկիզմանը:Վերջին շաբաթների ընթացքում Իրաքի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ մասնակիցները պահանջում են աշխատանք, պայքար կոռուպցիայի և բյուրոկրատիայի դեմ:

Նոյեմբերի 27-ին ցուցարաները հրկիզել էին Նաջաֆում գտնվող Իրանի հյուպատոսությունը: Ցուցարարները մեղադրում էին Իրանին Իրաքի ներքին գործերին միջամտելու մեջ: Նրանք վանկարկում էին՝ «Իրան, ձեռքերդ հեռու Իրաքից»: Հյուպատոսության աշխատակիցները հասցրել էին փախչել: Իրանը դատապարտել է այդ հարձակումը:

Սա նոյեմբերին տեղի ունեցած արդեն 2-րդ հարձակումն է Իրաքում գործող Իրանի հյուպատոսությունների վրա: Նման հարձակում էր եղել նար Քերբելա քաղաքում:Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին ստանձնել է պաշտոնը մեկ տարի առաջ՝ բարեփոխումներ խոստանալով, որոնք այդպես էլ չեն մեկնարկել: Իրաքի երիտասարդները հոկտեմբերից բողոքի ակցիաներ են սկսել: Բողոքի առաջին ալիքի ժամանակ 149 մարդ է սպանվել: