4 դեկտեմբերի 2019 - 17:55 AMT
Մամեդյարով. ՌԴ-ն ու Ադրբեջանը մտադիր են զենքի մատակարարման նոր պայմանագիր կնքել

Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրատվում են զենքի մատակարարման նոր պայմանագիր կնքել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, գրում է «Կոմերսանտը»:

ՌԴ և Ադրբեջանի միջև սպառազինության մատակարարման ոլորտում նոր գործարքների մասին վաղուց տեղեկություններ չեն եղել, գրում է թերթը: Երկրները 5 մլրդ դոլարի համաձայնագիր են կնքել 2003-ին, որի շրջանակում Մոսկվան տանկեր, զարհապատ մեքենաներ, ՀՕՊ միջոցներ և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինքնագնաց հրետանային սարքեր, հրթիռային համակարգեր և սպառազինության այլ տեսակներ է առաքել Ադրբեջան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է,որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները:

ՀՀ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են և խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանը այլընտրանք չկա: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար: