5 դեկտեմբերի 2019 - 14:06 AMT
ՔԿ-ն հերքում է ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսման գործով ձերբակալության մասին լուրերը

Քննչական կոմիտեն հերքել է Politik.am կայքի հաղորդագրությունը՝ հայտարարելով, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:

«Հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ քրեական գործով որևէ անձ չի ձերբակալվել: Politik.am-ի գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց»,-ասվում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության մեջ:

Politik.am կայքն ավելի վաղ լուր է հրապարակել` «Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնասլած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է» վերտառությամբ: Կայքը, սեփական աղբյուրների վրա հղումով, գրել է. «Գաղտնալսում իրականացրած անձը ԱԱԾ կողմից ամիսներ առաջ ձերբակալվել է։ Ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ ռուս։ Այս պահին հայտնի չէ, թե ինչո՞ւ են իշխանությունները թաքուն պահում այս տեղեկատվությունը։ ԱԱԾ մամուլի կենտրոնի հետ կապ հաստատել չստացվեց և այս պահին այլ մանրամասններ մեզ հայտնի չեն»։