5 դեկտեմբերի 2019 - 14:48 AMT
ԵԱՀԿ ղեկավար. Ղարաբաղում հակամարտության սրման իրական վտանգ կա

Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի ժամանակ ԵԱՀԿ ղեկավար և Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման իրական վտանգ կա:

«Երկխոսությունը շարունակվել է տարվա ընթացքում: Տարբեր հարթակների միջոցով կազմակերպությունը փորձել է ամրացնել վստհությունը, մեղմել լարվածությունն ու աջակցել երկխոսությանը: Կա ղարաբաղյան հակամարտության սրման իրական վտանգ»,-ասել է նա:

Նա հավելել է, որ չունի կախարդական բանաձև, թե ինչպես կարելի է մեկընդմիշտ լուծել բոլոր հակամարտությունները: «Բայց ես խորապես համոզված եմ, որ ԵԱՀԿ ջանքերը, ուղղված լարվածության չեզոքացմանն ու նոր երկխոսության համար կանալներ բացելուն, անգնահատելի են: Եվ ԵԱՀԿ-ն առաջին կազմակերպությունն է, որն իր աջակցությունն է հայտնում խաղաղությանն ուղղված կոնկրետ քայլերին»,-ասել է Լայչակը:

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։