6 դեկտեմբերի 2019 - 13:46 AMT
Մարությանին փողկապ նվիրեցին. Նա խոստացավ այն նվիրել շեյխերին ու շեյխուհիներին

Երևանի ավագանու նիստի ժամանակ ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը փողկապ նվիրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Մարությանը հետաքրքրվեց, թե ինչի համար է ստանում նվերը, ապա ավելացրեց՝ «եթե թույլ տաք, սա ես վերանվիրեմ շեյխերին և շեյխուհիներին»:

Այսպիսով, քաղաքապետ Հայկ Մարությանը երկու իրավիճակ է հիշեցրել. ամիսներ առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությունը, որ Անգլիայից «լորդեր ու լորդուհներ» են եկել Հայաստան՝ ներդրումներ անելու և օրեր առաջ ԱՄԷ-ից եկած հյուրերի շուրջ բարձրացրած աղմուկը, որ ներդրումներ անել ցանկացոները շեյխ կամ թագաժառանգ չեն իրականում:

Մարությանի արձագանքից հետո Ներսիսյանը նշեց, թե նվերը նվիրել չի կարելի, և քաղաքապետը սրացնում է իրավիճակը:

«Ես Ձեզ եմ նվիրել, նվերը նվեր տալ չի կարելի, ես ուղղակիորեն սրտանց նվիրեցի Ձեզ, իսկ Դուք տարաք հարցը նորից ուրիշ տեղ: Ես չեմ հասկանում Ձեզ, թե ինչ եք անում և էս սրացումները չգիտեմ ինչի են»,- ասաց ավագանու անդամը:

ԲՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև վերջին օրերին կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծվել: ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Աբու Դաբիի թագաժառանգը ցանկացել է Երևանում խոշոր ներդրում անել, սակայն քաղաքապետի հետ հանդիպումից հետո փոշմանել է: Մարությանը, պատասխանելով այս հայտարարությանը, նշել էր, որ Ծառուկյանի ասած մարդիկ ցանկացել են Երևանի կենտրոնում հյուրանոց կառուցել, իսկ քաղաքի կենտրոնը գերծանրաբեռնված է: Մարությանը նաև ակնարկել էր, որ պաշտոնականհանդիպման եկած հյուրերը ջինսերով և սպորտային կոշիկներով են եղել: