9 դեկտեմբերի 2019 - 10:48 AMT
Փայլան. Պոլսի պատրիարք ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը, անդրադառնալով Ստամբուլում ընթացող Պոլսի պատրարքի ընտրությանը, հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրությանը և ոչ ոքի օգտին չի քվեարկելու:

Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու։ Պատմության սև էջերում կգրվեն մեր պատվի հետ խաղացող պետական ծառայողների և նրանց հետ համագործակցող հոգևորականների անունները»։

2019թ. դեկտեմբերի 8-ին Պոլսի հայ համայնքը պատրիարք էր ընտրում: Թեև պաշտոնապես Պոլսի հայոց պատրիարքի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին անցկացվելիք ընտրության օրը, բայց արդեն Նախաձեռնակ մարմնի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո պարզ է, թե ով հաղթելու ավելի մեծ շանսեր ունի: Ըստ նախաձեռնակ մարմնի ներկայացրած տվյալների՝ դեկտեմբերի 8-ին հաղթել են նարնջագույնները՝ պատրիարքի տեղապահ Սահակ եպս. Մաշալյանի կողմնակիցները, հայտնում է Ermenihaber-ը:

Համայնքում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված Պատրիարքի կանոնադրությունում սահմանվել էր, որ պատրիարքի թեկնածու կարող են լինեն միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները։ Այս սահմանափակման արդյունքում ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուների քանակը խիստ սահմանափակվեց։

Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը երկաստիճան է: Նախ ընտրվում են պատվիրակներ՝ հոգևորական դասից և համայնքի անդամներից: Հոգևորական պատվիրակները, որոնք 17 են, ընտրվել են դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից, իսկ համայնքի պատվիրակները՝ 103 հոգի ընտրվել են դեկտեմբերի 8-ին:

Պատրիարքի տեղապահ Սահակ եպս. Մաշալյանին կողմնակիցները ստացել են 9008 ձայն, իսկ մանուշակագույնները՝ Արամ արք. Աթեշյանի կողմնակիցները 3529 քվե: Այս նախնական արդյունքներից ելնելով՝ դեկտեմբերի 11-ին կայանալիք պատրիարքի ընտրությանը Մաշալյանին աջակից պատվիրակները թիվը 89 կլինի, իսկ Աթեշյանը ներկայացնող պատվիրակները՝ 12-ը, ևս մեկ հոգի ընտրվել է որպես անկախ պատվիրակ: 753 քվե անվավեր է եղել և 376 հոգի դատարկ ծրար է նետել քվեատուփը՝ այդ կերպ հավանաբար բողոք է արտահայտվել պետության կողմից կիրառված սահմանափակումների դեմ: