9 դեկտեմբերի 2019 - 11:37 AMT
Վարչապետ. Խղճի խայթ չենք ունենա այն պաշտոնյաների հանդեպ, ովքեր կոռուպցիայի կդիմեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին, հայտարարել է, որ արդարացված է համարում պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումն այն տրամաբանությամբ, որ խղճի խայթ չունենան բոլոր այն պաշտոնյաների հանդեպ, ովքեր կներքաշվեն կոռուպցիոն գործարքների մեջ։

Փաշինյանն, անդրադառնալով նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերի բաձրացմանը, ասել է, որ մեկնաբանություններ եղան, որ սա նաև պայքար է կոռուպցիայի դեմ, ինչը սխալ չէ, բայց կա կարևոր դիտարկում:

«Իրականում բովանդակային առումով, թերևս, դա սխալ չէ, բայց ուզում եմ ավելի հստակեցնել՝ ներողություն խնդրելով մեր կառավարության բոլոր անդամներից, ում այս որոշումը վերաբերվել է: Այս ձևակերպումն ուզում եմ անել, որ դրդապատճառներն ավելի պարզ լինեն։ Այդ վճարումների բարձրացումը ոչ թե արվել է կոռուպցիան կանխարգելելու իմաստով, որովհետև կոռուպցիոները 1,5 միլիոն դրամով, ինչպես ցույց է տալիս մեր փորձը, չի բավարարվելու, դա արվել է բոլորովին ուրիշ իմաստով։ Երբ հնարավոր այդպիսի մարդկանց կոռուպցիոն գործերի մեջ ներքաշված լինելու համար մենք ձերբակալենք, կալանավորենք և դատապարտենք, խղճի խայթ չունենանք, չասենք` էս մարդուն էնքան քիչ ենք վճարել, որ նրան ուրիշ տարբերակ չենք թողել, քան կոռուպցիոն գործարքներ փնտրել», - ասել է վարչապետը։

Վարչապետը հաստատել է իր այն պնդումը, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա: «Իմ պատկերացմամբ, համակարգային կոռուպցիան այն է, երբ որ կոռուպցիոն օղակներում գոյություն ունեցող յուրաքանչյուր հասույթ, գումար, որոշակի չափաբաժիններով հոսում է դեպի վերև և հասնում է մինչև ամենավերևները: Կարող եմ վերահաստատել, ուրախ եմ և հպարտ արձանագրել, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: Բայց դա չի նշանակում, թե Հայաստանում չկան կոռուպցիոն երևույթներ: Կարևոր է արձանագրել, որ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամք կա»,-ասել է նա:

Հոկտեմբերին հայտնի դարձավ,. որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերի գրեթե կրկնակի բարձրացել են, ինչը մեծ աղմուկ է հանել հանրության շրջանում և տարբեր գնահատականների արժանացել:

Դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման էր ենթարկվել ԿԳՄՍ նախարարի տեղակալը, վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:Ավելի ուշ նրանք կալանավորվել են: