9 դեկտեմբերի 2019 - 13:01 AMT
Պատգամավորը խնդրել է երկարաձգել Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ նիստի ժամանակ խնդրել է երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը։

«Քննիչ հանձնաժողովի ժամկետը լրանալու կապակցությամբ միաձայն որոշում ենք կայացրել դիմելու ԱԺ-ին՝ աշխատանքային ժամկետը երկարացնելու հարցով։ Առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է շուրջ 2684 էջ ծավալով գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Հանձնաժողովն անցկացրել է 21 նիստ, քննվել է 10 զինծառայող, ինչի արդյունքում կազմվել է 415 հարց։

«Դրանց վերաբերյալ ստացվել են պատասխաններ։ Դեռևս լսվող պաշտոնյաների թիվը կարող է հասնել 40-ի, ինչը մեր գնահատմամբ կտևի մի քանի ամիս», - ասել է պատգամավորը՝ նշելով, որ իրենք խնդրում են առավելագույն 6 ամիս ժամկետ։

Հանձնաժողովը ստեղծվել է խորհրդարանի 47 պատգամավորի ստորագրության հիման վրա, իրավունքի ուժով:

2016 թվականի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավելի վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել էին ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել: