9 դեկտեմբերի 2019 - 17:12 AMT
Օր 25․ Ուրիշի անձնագրով 2.5 մլն դրամի վարկեր ձևակերպածին դեռ չեն բռնել

Ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում ուրիշի անձնագրով ապօրինի գործարքներ իրականացրած քաղաքացուն: Այդ մասին PanARMENIAN.Net -ին է հայտնել Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է Ոստիկանությունում, փոխանցվել է Քննչական կոմիտե, այժմ իրավապահ մարմինները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ գործողությունները դեպքի հանգամանքները պարզելու և առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն ուրիշի անունով 2.5 մլն դրամի ապօրինի գործարքներ իրականացրած անձը արդեն 25 օր է՝ ազատության մեջ է:

Նոյեմբերի 14-ին Խաչատուր Միքայելյանը երևանյան տաքսիներից մեկում թողել է ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են ID քարտ, զինգրքույկ, 300,000 դրամ, քարտեր։ Ոստիկանությունում հայտարարություն տալուց մեկ օր անց Խաչատուրի ընկերը նրան հայտնել է, որ բանկերից մեկում իր անձնագրով գործարք են փորձել կատարել: Անձնագիրը կորցնելուց հետո 4 օրվա ընթացքում քաղաքացու անունից կատարվել էր 16 վարկային հարցում, ձևակերպվել մոտ՝ 1 մլն դրամի վարկեր:

Ուրիշի անձնագրով վարկեր ձևակերպած անձնավորությունը նոյեմբերի 18-ին ներկայացել է ոստիկանություն, սակայն դրանից հետո՝ նոյեմբերի 20-ին և 21-ին, մեկ բանկում և 1 վարկային կազմակերպությունում կրկին կարողացել է չեղարկված անձնագրով 1 մլն դրամի վարկ ձևակերպել:

Անձնագիրը կորցնելուց 20 օր անց՝ դեկտեմբերի 4-ի դրությամբ, Խաչատուր Միքայելյանի անունով տարբեր բանկերում ապօրինի մոտ 2.5 մլն դրամի վարկ է վերցվել, որից 1.3 մլն-ը չեղարկվել է: