10 դեկտեմբերի 2019 - 11:29 AMT
Կարապետյան. Երևանում Ամանորի համար նախատեսված $700,000-ը նաև ներդրում է

Տոնական օրերին Երևանում անցկացվող միջոցառումների համար նախատեսված գումարը ոչ միայն և ոչ այնքան ծախս է, որքան ներդրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլ խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Ամանորի համար նախատեսված ծախսերի մասին քննադատություններին:

«Գուցե արդարացի հարցադրումներ կան՝ տոնի կազմակերպման համար $700,000 ծախսելու հարցում, բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ ենք ուզում ինքներս մեզանից ու ինչ ենք ուզում էս քաղաքի համար ընդհանրապես։ Եթե ասում ենք, որ մարդիկ Երևանում պետք է իրենց լավ զգան տոներին, դուրս գան «բուդ-արաղ-հարևանի տուն» եռամիասնության շրջանակներից ու փորձեն քաղաքի մասշտաբով տոնել Նոր տարին, ապա պետք է փոխել վերաբերմունքը ծախսերի նկատմամբ»,- գրել է Կարապետյանը։

Քաղաքապետի խոսնակի խոսքով՝ պետք է փորձել քաղաքը գրավիչ դարձնել նաև զբոսաշրջիկների համար:

«Պետք է փորձենք զարմացնել էդ տուրիստին, տպավորել նրան, որ համը բերանում մնա, որ էլի ուզենա գալ։ Իսկ դրա համար պետք է ծախս անել, ավելի ճիշտ՝ ներդրում։ Ինչպես, օրինակ, հայ տուրիստների սիրած Թբիլիսիում են անում։ Էնտեղ այս տարվա ամանորյա ծախսերը կազմել են 2,8 միլիոն լարի կամ շուրջ $1 մլն։ Իսկ անցած տարի, երբ մենք քննարկում էինք Երևանի $140.000-անոց տոնածառը, Թբիլիսին նոր տոնական լուսավորության վրա $775,000 էր ծախսել»,- գրել է Կարապետյանը: