10 դեկտեմբերի 2019 - 11:09 AMT
ՀՀ նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին Արցախի Սահմանադրության օրվա առթիվ

Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին։

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծարգո պարոն նախագահ, շնորհավորում եմ Արցախի Հանրապետությունում նշվող եռատոնի՝ Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Եթե մայիսյան եռատոնը ռազմական հաղթանակների ընդհանրացումն է, ապա դեկտեմբերյան եռատոնն այդ հաղթանակների իրավական ձևակերպումն է դեռ 1991 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած: Այն վկայում է ինքնիշխան Արցախում անկախ պետականության կայացման և ժողովրդավարության գործընթացների անշրջելիության մասին»:

Ուղերձում նշվում է նաև, որ Արցախի անկախության հռչակումը համազգային երազանքի մի մասն էր, Արցախի Սահմանադրության ընդունումը՝ այդ երազանքի իրավական ամրագրումը:

«Այսօր մեր հավաքական կամքն ունի իրացման այլ ճակատ՝ ազատ ու անկախ Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի հզորացում և բարգավաճում: Այդ ճանապարհը շարունակելու ենք անցնել միասին, ձեռք ձեռքի տված, քանի որ դա հաջողության և հաղթանակի ուղին է։Մաղթում եմ Ձեզ և բոլոր արցախցիներին խաղաղություն և ամենայն բարիք»,-ասվում է ՀՀ նախագահի ուղերձում: