10 դեկտեմբերի 2019 - 11:26 AMT
Սինանյանը՝ ԱՄՆ-ում. Սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է ուծացումն ու տարրալուծումը

Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին զուգահեռ՝ սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է ուծացման ու տարրալուծման գործընթացը, և հաջորդ տարիները և՛ Հայաստանից, և՛ սփյուռքից պահանջելու են ուժերի լարում և համատեղ գործողությունների ծրագրի իրականացում, որպեսզի դանդաղեցվի և կասեցվի ձուլման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Լոս Անջելեսում նա մասնակցել է Հայ-ամերիկյան թանգարանի գալա-երեկույթին, եղել է գլխավոր բանախոսներից մեկը:

Իր ելույթում Գլխավոր հանձնակատարը նշել է, որ քաջ ծանոթ է Հայ-ամերիկյան թանգարանի անցած ուղուն, որի մասնակիցն է եղել նաև ինքը: «Կարծես երեկ էր, երբ առաջին անգամ հանդիպեցի թանգարանի նորաստեղծ հանձնաժողովի հետ, քննարկեցինք թանգարանի տեսլականը, խորհուրդն ու անհրաժեշտությունը: Այսօր Ամերիկայի հայ համայնքն ավելի քան երբևէ մոտ է թանգարանի ստեղծմանը, թանգարան, որն ամերիկյան հանրությանը կներկայացնի Միացյալ Նահանգներում հայերի պատմությունը, հայ համայնքի հսկայական ներդրումը երկրի կյանքում, մշակույթի, գիտության և այլ բնագավառներում: Այսօր հայ ժողովուրդն իր անբաժանելի երկու բաղկացուցիչ մասերով առաջ է շարժվում ավելի վստահորեն, քան երբևէ մեր ժամանակակից պատմության ընթացքում: Ունենալ հզոր Հայաստան նշանակում է ունենալ հզոր սփյուռք»,-ընդգծել է Զարեհ Սինանյանը:

Հանձնակատարը, անդրադառնալով արտերկրում հայերի ուծացմանը, շեշտել է.«Սակայն ամեն ինչ գորշ և բացասական չէ, տեղ-տեղ այս մտահոգիչ պատկերն ընդհատվում է հույսի և հայապահպանման բացառիկ դրսևորումներով: Դրանցից մեկը, թերևս, այս տարի Գլենդելում Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնադրումն է: Թանգարանը ոչ միայն հայոց պատմության մատուցման մեկ հարթակ է, այլ նաև կրթական կենտրոն, որը կարևոր դեր է կատարելու հայապահպանման գործում: Ցանկացած քայլ, որը միտված է սփյուռքի ամրապնդմանը, նաև ամրապնդում է Հայաստանը»:

Գլխավոր հանձնակատարը ուրախություն է հայտնել, որ այս թանգարանով հայությունը ևս մեկ անգամ երկարատև դրոշմ կթողնի ամերիկյան մշակույթի վրա:

Ելույթի ավարտին Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի բոլոր բարերարներին, Կալիֆոռնիայի նահանգապետ Գավըն Նյուսըմին և սենատոր Էնթոնի Պորտանտինոյին այն հսկայական դերի համար, որ նրանք ունեն թանգարանի ստեղծման մեջ: Տարեկան ամփոփիչ միջոցառմանը ներկա էին հայ համայնքի անդամներ, քաղաքային և նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ և այլք: