10 դեկտեմբերի 2019 - 13:01 AMT
ՀՀ-ն ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ բանաձևին

Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ուկրաինայի ներկայացրած Ղրիմի վերաբերյալ բանաձևին:

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովն ընդունել է Ղրիմի, Սևաստոպոլի և Ազովի ծովի տարածքի «Ռազմականացման խնդրի մասին» բանաձևը: Բանաձևով կոչ է արվում Ռուսաստանին դուրս բերել «իր զինված ուժերը Ղրիմի տարածքից և անհապաղ դադարեցնել ուկրաինական տարածքի ժամանակավոր օկուպացիան»:

Կողմ է քվեարկել 63 երկիր:

ՀՀ հետ միասին դեմ է քվեարկել ևս 18 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Իրանը, Ղրղզստանը, Սիրիան, Կուբան և այլ երկրներ: Ձեռնպահ է մնացել 66 պետություն: Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը:

2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում: