10 դեկտեմբերի 2019 - 16:57 AMT
Փաշինյան. 106 մլն-ով ավելի շատ ՀԴՄ կտրոն է դուրս գրվել, 303 մլրդ դրամի առևտրաշրջանառություն է եղել

Հեղափոխությունից հետո ՀՀ-ում տպագրվել են ավելի շատ ՀԴՄ կտրոններ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ դուրս է գրվել 106 մլն-ով ավելի ՀԴՄ կտրոններ:

«Սա աստղաբաշխական թիվ է, և այս ՀԴՄ կտրոններով արձանագրվել է 303 մլրդ դրամի առևտրաշրջանառություն: Լավ վիճակագրություն կա նաև հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման առումով. 2019 թվականին 18 մլն հաշիվ ապրանքագիր ավել է դուրս գրվել»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետն այս ցուցաիշները դրական է գնահատել, սակայն նշել է, որ դեռ կա ստվերային առևտրաշրջանառություն: Հնչող հակադարձմանը՝ թե մարդիկ հացի փող են աշխատում և ՀԴՄ չտալու համար չարժե տուգանքներ նշանակել, վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ 24 մլն տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսներն ազատվել են հարկային պարտավորություններից: