11 դեկտեմբերի 2019 - 12:18 AMT
Եվրահանձնաժողովն ուժեղացված հսկողություն է սահմանել ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի հանդեպ

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ուժեղացված հսկողություն է սահմանել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հանդեպ:

«Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն ուժեղացված հսկողության տակ է վերցվել՝ կապված թռիչքների անվտանգության ապահովման վերահսկման նվազման նշանների հետ»,-ասվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ:

Մտահոգության պատճառները Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ չեն նշվում:

Ըստ FlightGlobal կայքի, Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) վերահսկողության թերություններ է հայտնաբերել 2019-ի հուլիսին Taron Avia և Atlantis European Airways ընկերություններ կատարած այցի ժամանակ:

Taron Avia-ի հավաստագիրը դադարեցվել է EASA- ի ուսումնասիրությունների արդյունքում, և փոխադրողը հետագայում որոշել է դադարեցնել գործունեությունը:

Նշվում է նաև, որ այդ երկու ընկերությունների հավաստագրերը թարմացնելիս «Քաղավիացիայի վարչությունը հավաստագրման բոլոր գործընթացներին սիստեմատիկորեն չի հետևել»:

Եվրահանձնաժողովը թարմացրել է թռիչքների անվտանգության ցանկը, այն ավիաընկերությունների ցանկը, որոնք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին: