13 դեկտեմբերի 2019 - 10:34 AMT
Փաշինյանը՝ ԱՄՆ Սենատի որոշման մասին. Հիրավի՝ պատմական իրադարձություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը` որակելով այն որպես պատմական իրադարձություն:

«ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:Հիրավի՝ պատմական իրադարձություն»,-ասվում է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Վարչապետը գրառում է կատարել նաև Twitter-ի իր միկրոբլոգում՝ ԱՄՆ Սենատի որոշումն անվանելով ճշմարտության և արդարության հաղթանակ:

«ԱՄՆ Սենատի թիվ 150 բանաձևը ճշմարտության և արդարության հաղթանակն է: Համայն հայության անունից մեր խորին երախտագիտությունն եմ հայտնում Սենատին այս դարակազմիկ բանաձևի համար»,-գրել է Փաշինյանը:

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման կապակցությամբ՝ նշելով, որ որոշումը «զուրկ է պատմական ու իրավական հիմքից» և իրենց համար որևե իրավական ուժ չունի ու ոչինչ չի պարտավորեցնում:

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն:Հոկտեմբերի վերջին Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Սակայն Սենատում բանաձևը վետոյի էր հանդիպել: