13 դեկտեմբերի 2019 - 10:51 AMT
Արամ Ա. Սենատի որոշումը եզակի քայլ է Ցեղասպանության ճանաչման հավաքական պայքարում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ որակելով այն որպես եզակի քայլ Հայոց ցեղասպանության ճանաչման հավաքական պայքարի ճանապարհին:

«Արդարև, այս գործում կարևոր դեր են ունեցել ԱՄՆ Հայ դատի մարմինները, հատկապես Վաշինգտոնում գործող Հայ դատի գրասենյակը: Հատուկ ուրախությամբ եմ ողջունում այս կարևոր նվաճումը, որը հավաքական և հետևողական աշխատանքի հետևանք է»,-ասվում է կաթողիկոսի հայտարարության մեջ:

Արամ Առաջինը նաև բարձր է գնահատել ԱՄՆ Սենատի քայլը՝ այն սպասումով, որ Ներկայացուցիչների պալատից և Սենատից հետո Միացյալ Նահանգների նախագահը ևս վճռական քայլ կկատարի այդ ուղղությամբ:

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն:

Հոկտեմբերի վերջին Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Սակայն Սենատում բանաձևը վետոյի էր հանդիպել:

Ընթերցեք նաև.Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը «ոչինչ չի պարտավորեցնում»