13 դեկտեմբերի 2019 - 13:47 AMT
Թուրքահայ հրապարակախոսը Դավութօղլուի կուսակցության համահիմնադիրներից է

Թուրքիայի նախկին վարչապետ, արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն դեկտեմբերի 13-ին ներկայացրել է իր կողմից հիմնված նոր կուսակցությունը, ինչպես նաև կուսակցության հիմնադիր կազմին։

Ուշագրավ է, որ «Ապագա» (Gelecek Partisi) անվանումը կրող կուսակցության 154 համամահիմնադիրներից մեկը ազգությամբ հայ հրապարակախոս Էթյեն Մահչուփյանն է, հայտնում է Ermenihaber-ը:

Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր Վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն 2015 թվականի ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Մահչուփյանը նշել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով:

Սակայն թուրքական բազմաթիվ ԶԼՄ-ներ Մահչուփյանի հետ կատարվածը մեկանաբանել են այն կերպ, որ նրա պաշտոնանկության պատճառը Հայոց ցեղասպանության իրողության մասին բացահայտ խոսելն էր։