13 դեկտեմբերի 2019 - 16:28 AMT
ԱԳՆ. Ներկա փուլում բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մամուլի ասուլիսում անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցին, հայտարարել է, որ ներկա փուլում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմում հայտնվել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր:

«Ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում: Չէի ցանկանա համարել, որ իրենց կողմից կար տեխնիկական վրիպակ, որովհետև անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»,-ասել է Աննա Նաղդալյանը, հայտնում է Aysor.am-ը։

Մամեդյարովը հարցազրույցում ասել է. «Լավրովի պլանը» դա մոտ 2 տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած սերտ բանակցությունների արդյունք է, բայց միևնույն է այն հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա: Կա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2019-ի մարտի 9-ի հայտարարությունը, որտեղ ներկայացված է միջնորդների տեսլականը բանակցություններում առաջ շարժվելու վերաբերյալ: Էությունը շատ պարզ է՝ փուլայնություն: Առաջին փուլում դուրս են բերվում զորքերը, ադրբեջանական բնակչությունը վերադառնում է, դրան հաջորդում է անվտանգության ապահովումն ու կոմունիկացիաների կարգավորումը: Ուստի մեր առաջարկը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «խաղաղություն բարգավաճման հեռանկարով»,-ասել է ադրբեջանցի նախարարը: