10 հունվարի 2020 - 16:25 AMT
Վրաստանի էկոնոմիկայի նախարար. ՀՆԱ-ով Հայաստանի՝ Վրաստանից անցնելու մասին գնահատականը սխալ է

Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն առաջ է անցել Վրաստանից 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով: Նա հայտարարել է, որ դա սխալ գնահատական է:

«Սա սխալ գնահատական է, քանի որ հաշվի չեն առնվել տարրական մեթոդաբանական հարցեր: Ընդհանուր առմամբ, երբ որևէ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան նմանատիպ ցուցանիշներով հաղթելուն կձգտի և կսկսի Վրաստանը համեմատել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ կոչ եմ անում նրանց նախ ծանոթանալ տարրական մեթոդոլոգիային»,- ասել է վրացի նախարարը, մեջբերում է Aliq.ge-ն:

Նա հավելել է, որ Վրաստանի վիճակագրական ծառայությունը 2019-ի նոյեմբերից ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդ է ներմուծել, որը դեռևս արտացոլված չէ միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում` Արժույթի միջազգային հիմնադրամի ամփոփման մեջ:

«Մեր տարածաշրջանի երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան նույնպես կատարել են իրենց ՀՆԱ-ի վերահաշվարկը նոր մեթոդաբանությամբ, սակայն դա եղել է ավելի շուտ, հետևաբար նրանց տվյալներն արդեն արտացոլվել են ԱՄՀ-ի տվյալներում: Հավատացեք, որ տնտեսական այս բարձր աճի պայմաններում, մեր գնահատմամբ, ՀՆԱ-ն մեկ շնչին Վրաստանում կհասնի $4700-ի: Հետևաբար, ԱՄՀ-ի հաջորդ ամփոփման մեջ այս ամենը կարտացոլվի»,- հայտարարել է վրացի նախարարը:

Հունվարի 6-ին Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 2019-ի արդյունքներով առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնի նաև Ադրբեջանից՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը: ԱՄՀ տվյալներով՝ 2019-ի ընթացիկ գներով (նոմինալ) Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է $4527, իսկ Վրաստանի ՀՆԱ-ն՝ $4289:

2019-ի նոյեմբերի 15-ին Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայությունը սկսել է ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդաբանության՝ SNA 2008-ի ներմուծումը: Մինչ այդ Վրաստանի ՀՆԱ-ն հաշվարկվում էր SNA 1993-ի մեթոդոլոգիայով: