11 հունվարի 2020 - 12:11 AMT
Մահացել է Օմանի սուլթանը․Հետնորդի անունը հայտնի է

79 տարեկանում մահացել է Օմանի սուլթան Քաբուս բեն Սաիդ Ալ Սաիդը։ Ըստ ԶԼՄ-ների` վերջին տարիներին նա տառապում էր քաղցկեղով։ Սուլթանաթում եռօրյա սուգ է հայտարարվել՝ չեն աշխատի հասարակական հաստատություններն ու մասնավոր կազմակերպությունները։

Օմանի նոր սուլթան է դարձել Հայսամ բեն Թարեկ Ալ Սաիդը, որը զբաղեցնում էր մշակույթի և ազգային ժառանգության նախարարի պաշտոնը, հայտնում է CNN-ը` երկրի պետական լրատվամիջոցների վրա հղումով։

Անժառանգ գահակալը չէր հրապարակել հետնորդի անունը։ Ըստ օրենսդրության` իշխող ընտանիքի անդամները պետք է թագաժառանգի անունը հայտնեն 3 օրվա ընթացքում, փոխանցում է Deutsche Welle-ն։

Եթե նրանց չհաջողվի միասնական եզրահանգման գալ, ապա մի շարք ռազմական պաշտոնյաներից, Գերագույն դատարանի անդամներից և Օմանի Խորհրդի երկու պալատների ղեկավարներից կազմված կոմիտեն կփոխանցի իշխանությունն այն անձին, որը նշված է սուլթանի փակ նամակում։

Քաբուս բեն Սաիդ Ալ Սաիդը ծնվել է 1940-ի նոյեմբերին։ Սովորել է Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմական ակադեմիայում, ծառայել է բրիտանական բանակի հետևակում։ Նա իշխանության է եկել 1970-ի հուլիսին պետական հեղաշրջման արդյունքում՝ տապալելով սեփական հորը։ Սուլթանը լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել, որոնք զգալիորեն փոխել են Օմանը։ Սակայն, իրավապաշտպանները քննադատում էին միապետին երկրում խոսքի ազատության բացակայության և այլախոհների կալանավորումների համար։

Photo. AFP