11 հունվարի 2020 - 12:54 AMT
Չինաստանում մարդ է մահացել անհայտ վիրուսից

Չինաստանի Ուխան քաղաքում 61-ամյա տղամարդ է մահացել թոքաբորբից, որը զարգացել է նախկինում անհայտ վիրուսի արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է ՌԲԿ-ն` Reuters-ին հղումով, քաղաքային բժշկական վարչությունում ասել են, թե տղամարդը նոր հիվանդության առաջին զոհն է։

Բժիշկները նշում են, որ առողջական խնդիրները նրա մոտ ի հայտ էին եկել դեռևս դեկտեմբերին, երբ նրա օրգանիզմում գտել էին նոր վիրուսը։ Բացի այդ, նա որովայնում ուռուցք ուներ և լյարդի քրոնիկ հիվանդություն։

Ընդհանուր առմամբ` անհայտ հիվանդությունը հայտնաբերվել է 41 մարդու մոտ։ 7-ի վիճակը ծանր է։

Ըստ վարկածներից մեկի` հիվանդության աղբյուրը ծովամթերքի տեղի շուկայում է եղել, ուր այցելել են բոլոր հիվանդները։ Հունվարի 3-ից հետո, սակայն, վարակի նոր դեպքեր չեն գրանցվել։ Մարդուց մարդուն փոխանցվելու դեպքեր ևս չեն արձանագրվել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս անհրաժեշտ չի համարում սահմանափակել միջազգային ուղևորություններն ու առևտուրը։ Իր հերթին, սահմանափակումներ է սահմանել Հոնկոնգը վարչական սահմանին։