11 հունվարի 2020 - 14:03 AMT
Տավուշում ադրբեջանական դիպուկահարի կրակից վիրավոր կա

Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական զինուժի դիպուկահար կրակից հայ զինծառայող է վիրավորվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր` ժամը 12:25 մոտակայքում, Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը»,- գրել է Հովհաննիսյանը։

Նա հավելել է, որ հետագա գործողությունների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Հունվարի 7-ին Տավուշի հատվածում ադրբեջանական կողմը փորձել էր ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ Հայկական կողմը նախազգուշացնող կրակ էր բացել: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղոդրել էին, որ Հայաստանի զինված ուժերը «խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը զոհ ունի»: