13 հունվարի 2020 - 10:28 AMT
ՀՀ քաղավիացիան հորդորում է ավիաընկերություններին շրջանցել Իրաքի և Իրանի օդային տարածքները

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին շրջանցել Իրաքի և Իրանի օդային տարածքները՝ հաշվի առնելով ԵՄ թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի խորհուրդը: Այդ մասին ասվում է կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Կոմիտեն շարունակում է հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը՝ այդ թվում հունվարի 8-ին Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing 737 օդանավի ողբերգական վթարի հետ կապված նոր հանգամանքներին։

Թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով Քաղավիացիան գործակցում է Իրանի ավիացիոն իշխանությունների, Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունների, Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի և իր բոլոր գործընկերների հետ։

«Լրացուցիչ տեղեկատվության դեպքում այն կտրամադրվի ՀՀ գրանցված ավիաընկերություններին և հանրությանը»,- ասվում է Կոմիտեի հայտարարության մեջ:

Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական Boeing 737-ը կործանվել է: Ինքնաթիռում 176 մարդ էր եղել, բոլորը զոհվել են։ Հունվարի 11-ին Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ ինքնաթիռը խոցվել է հրթիռով՝ մարդկային սխալի հետևանքով: