Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում հայտարարել է, որ հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը և հավատամքը: Նա հավելել է, որ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն Ադրբեջանին չի տրվելու:
«Այսօր մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների ու զանգվածային տեղահանումների զոհերի անմար հիշատակը: 30 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես եղավ ու դատապարտեց Բաքվում հայ բնակչության ջարդերը:
Սումգայիթի ոճրագործությունից հետո թափ հավաքող բռնաճշնումների և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով, 1990 թվականին Բաքվի 250 հազարանոց հայկական համայնքից մնացել էր միայն 35-40 հազարը՝ հիմնականում տարեց և անօգնական մարդիկ: Նրանց հետագա ճակատագիրն ավելի ողբերգական էր: Հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ. այսպիսինն էր շուրջ մեկ շաբաթ Բաքվում մոլեգնած հակահայկական ջարդերի հետևանքը»,- նշել է վարչապետը:
ՀՀ կառավարության ղեկավարը հավելել է նաև, որ դեպքերից 30 տարի անց Ադրբեջանում գոյություն չունի Բաքվի հակահայկական ջարդերի զոհերի հանդեպ որևէ հարգանք և կարեկցանք, իսկ «այն սակավաթիվ ձայները, որոնք քաջություն են ունեցել անգամ գրական ստեղծագործություններում հիշատակել Բաքվի հայերին բաժին հասած ողբերգությունը, գամվել են անարգանքի սյունին և պաշտոնապես հռչակվել դավաճան»:
«Ցավով պետք է արձանագրենք, որ անցած երեք տասնամյակն Ադրբեջանում չի դարձել վերաիմաստավորման, զղջման և հաշտության հասնելու ժամանակաշրջան:
Այս ընթացքում ականատես ենք եղել Արցախի բնակչությանը բնաջնջելու փորձի, մարդասպանության համար պատիժ կրող Ռամիլ Սաֆարովին ազատ արձակման և հերոսացման, 2016թ. ապրիլին Արցախի սահմանամերձ բնակավայրում տարեց և անօգնական մարդկանց դաժան խոշտանգման և սպանության: Հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը և հավատամքը»,- ասել է Փաշինյանը:
Նա նաև երախտագիտություն է հայտնել միջազգային բոլոր կառույցներին և խորհրդարանական մարմիններին, որոնք արձագանքել և փաստագրել են այս իրադարձություններին՝ դրանք դատապարտելով ու աշխարհին ի ցույց դնելով:
«Գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու: Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և աշխարհասփյուռ ամբողջ հայությունը միասնաբար ներդնելու են իրենց ներուժը՝ ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքը իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում»,- եզրափակել է վարչապետը: