14 հունվարի 2020 - 18:51 AMT
Հայկական լավաշի մասին գիրքը՝ The National Post-ի շաբաթվա խոհարարական գիրք

Գրող Քեյթ Լիհիի, լուսանկարիչ Ջոն Լիի և շեֆ խոհարար Արա Զադայի «Լավաշ. Հաց, որ 1000 ճաշատեսակի սկիզբ դարձավ, ինչպես նաև աղցաններ, ռագու և այլ բաղադրատոմսեր Հայաստանից» խոհարարական գիրքը The National Post հրատարակությունը ճանաչել է շաբաթվա լավագույն գիրք:

Դրանում ներկայացված է Հայաստանի և Արցախի խոհանոցը` նախուտեստներից մինչև աղանդեր, մեծ ուշադրություն է դարձված հատկապես լավաշին, որը գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգությունների ցանկում:

Նշվում է, որ լավաշը պատրաստվել է Օսմանյան կայսրության գյուղերում՝ Ցեղասպանությունից առաջ, ինչպես նաև Արևմտյան Հայաստանում:

«ԽՍՀՄ ժամանակաշրջանում ամեն ինչ արվել է, որ հայերը ռուսական հաց օգտագործեն, բայց ոչ ոք չի դադարել լավաշ թխել»,- ասվում է գրքում:

2014-ի նոյեմբերի 26-ին որոշվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառել նաև Հայաստանի ներկայացրած «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը: