17 հունվարի 2020 - 14:25 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» հյուրընկալվել են Մուրադյանների ընտանիքում

Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության խնդիր լուծող գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ձգտում են շրջայցով լինել բոլոր այն գյուղերում, որտեղ 2019-ին շինարարություն է իրականացվել և բնակարանամուտ է նշվում:

2020-ի առաջին շրջայցը մեկնարկել է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը Մուրադյանների ընտանիքում հյուրընկալվել են երկրորդ անգամ: Առաջին հանդիպումը 2019-ի ամռանն էր՝ կամավորության սկզբունքով շինարարություն իրականացնելու համար: Հերթական հանդիպման առիթը նոր բնակարանում Նոր տարին առաջին անգամ սեփական հարկի տակ նշած ընտանիքի զգացողությունը գնահատելն է եղել:

Ավելի քան տասը տարի տնից տուն տեղափոխված ու վարձակալությամբ բնակված Մուրադյաններն արդեն իրենց սեփականն ունեն և գոհ են. նոր տունը կյանքին նոր որակ է ապահովել: Փոխվել է նրանց առօրյան, կենցաղային խնդիրներն ավելի տանելի են դարձել, իսկ գարնանը սպասում են նոր մանկան ծնունդի:

«Երկար սպասված տուն էր։ Անչափ երջանիկ եմ, որ վերջապես մեր ընտանիքն էլ ունի բարեկեցիկ պայմաններով ապահովված տուն։ Ցանկանում եմ, որ բոլորն զգան այս երջանկությունը։ Սա մեծ երազանքի իրականացում էր», - ասել է ընտանիքի հայր Պետրոսը։

«Տանտերերի հետ անմիջական շփումն ու արված աշխատանքի նկատմամբ նրանց վերջնական գնահատականն օգնում են ստանալ շատ օբյեկտիվ պատկեր և առավել արդյունավետ դարձնել հետագա քայլերը: Սա նաև հաշվետվություն ներկայացնելու լավ միջոց է, որն արտահայտվում է և՛ թվերի, և՛ կյանքի՝ նոր որակի ձևով: Բոլորս էլ կարող ենք ունենալ տարբեր խնդիրներ և տարիների ընթացքում գուցե նաև լուծել դրանք, բայց երբ զգում ենք, որ մենակ չենք, առավել վստահ ենք հաղթահարում դրանք: Վերականգնված հավատն ամենակարևորն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Արդեն երկար տարիներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ աջակցում ենք կարիքավոր ընտանիքներին՝ հարմարավետ, արժանապատիվ պայմաններով ապահովված տուն ունենալու հարցում։ Մեր օգնությանբ, ինչպես նաև ընտանիքի ձգտման և աշխատասիրության շնորհիվ, այս երիտասարդ ընտանիքն արդեն ունի սեփական տուն։ Պետրոսի որդին ստիպված չի լինի անցնելու այն դժվարություններով, ինչով անցել է հայրը։ Նա կունենա անհոգ մանկութուն»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, 2019-ին լուծվել է Հայաստանի 10 մարզում բնակվող 46 ընտանիքի բնակարանային խնդիր։ Տարիների համագործակցության արդյունքում աջակցություն է ստացել 208 ընտանիք, որից 13-ը՝ Կոտայքի մարզում: