17 հունվարի 2020 - 16:12 AMT
Կանադայում 104 տարեկանում Ցեղասպանությունը վերապրած հայուհի է մահացել

Կանադական Տորոնտոյում վախճանվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Եվգենիա Փափազյանը (Կոկորյան-Երգանյան): Նա հեռացել է կյանքից իր 105-ամյակից 4 ամիս առաջ, գրում է Horizon Weekly-ն:

Եվգենիա Փափազյանը ծնվել է 1915-ին Սև ծովի ափին, Թուրքիայի Սամսուն քաղաքում: Իր ծնողներին նա երբեք չի տեսել՝ հորը թուրքական բանակ են զորակոչել 1915-ին, և նա այդպես էլ չի վերադարձել, իսկ մայրը մահացել է հյուծվածությունից:

Փափազյանը մեծ ընտանիք ուներ՝ 2 քույր, 3 եղբայր, բազում հարազատներ, բայց նա այդպես էլ չտեսավ նրանցից որևէ մեկին: Եվգենիայի մասին 3 տարի հոգ է տարել տատիկը, որից հետո երեխային փոխանցել է մանկատուն, քանի որ չէր կարողանում կերակրել:

Այնուհետև նա հայտնվել է Հունաստանի հայկական որբանոցում, որտեղ նրան հայ ամուսիններ են որդեգրել և տարել Եգիպտոս: Կահիրեում Փափազյանը 15 տարեկանում ամուսնացել է Կարապետ Կոկորյանի հետ և հայտնվել Կանադայում:

Եվգենիա Փափազյանն ուներ 4 երեխա, 9 թոռ, 14 ծոռ և 1 ծոռի երեխա: