17 հունվարի 2020 - 13:45 AMT
Մամեդյարով. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հունվարին

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ մինչև հունվարի ավարտը կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը, հայտնում է «Ազերթաջը»:

Ադրբեջանցի պաշտոնյան նաև նշել է, որ 2020-ին առաջին եռամսյակում նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան:

Իր հերթին, Հայաստանի ԱԳ նախարարությունում չեն մեկնաբանել առաջիկա հանդիպման վերաբերյալ Մամեդյարովի հայտարարությունը, հայտնում է Aysor.am-ը:

«ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո: Մենք շարունակում ենք կիրառել հանդիպումների հանրայնացման այդ պրակտիկան», - նշել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը դեկտեմբերի 4-ին էր՝ Բրատիսլավայում։ Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել էին հերթական հանդիպումն անցկացնել 2020-ի սկզբին:

Հունվարի 16-ին ԱԳ նախարարն ասել էր, որ ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին դեռ վաղ է խոսել: Նախարարների մակարդակով եղել են բավարար թվով հանդիպումներ, գործընթացը շարունակվում է: