17 հունվարի 2020 - 13:44 AMT
ԵՄ-ն հետևում է ՀՀ ՍԴ-ի շուրջ ծավալվող զարգացումներին, բայց չի մեկնաբանում

Եվրոպական միությունը հետևում է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներին, ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ հետապնդման տարրեր կան ու արդյոք հետևում են իրավիճակի զարգացումներին:

«ԵՄ-ն մնացած միջազգային կառույցների պես ուշադիր հետևում է զարգացումներին, բայց ընթացքի մեջ եղած գործերը չենք մեկնաբանում», - ասել է դեսպանը, մեջբերում է Aysor.am-ը։

2019-ի սեպտեմբերին իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթաց էր սկսել: ՍԴ-ն մերժել էր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու այդ նախաձեռնությունը: 2019-ի դեկտեմբերին ՀՔԾ-ն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով):