17 հունվարի 2020 - 14:18 AMT
Նաիրի Հունանյանը վարչապետին նամակ-դիմում է գրել

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանը նամակ-դիմում է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում է Factor.am-ը։

ՔԿԾ-ում՝ հղում կատարելով անձնական տվյալների գաղտնիությանը, չեն մեկնաբանել հրապարակումները, թե Հունանյանը պատրաստակամ է մասնակցել Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասի քննությանը։

Փաշինյանին ուղղված նամակ-դիմումի մասին ՀՀ վարչապետի աշխատակազմից ևս մանրամասներ չեն հայտնել:

Նաիրի Հունանյանը մեղադրվում է 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների սպանության կազմակերպման մեջ:

2019-ին Գլխավոր դատախազությունը՝ բավարարելով Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի դիմումը, վերացրել էր գործից անջատված մասի կարճման որոշումը։ Այժմ այն քննվում է ԱԱԾ-ում։ Անջատված մասը վերաբերում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներին ու հովանավորներին։

Գործի վարույթը կարճվել էր 15 տարի առաջ՝ հանցակիցների դրվագով արձանագրվել էր հանցագործության բացակայություն։ Բայցի այդ, նախաքննական մարմինն ապօրինի կերպով զենք և զինամթերք ձեռք բերելու և գործածելու դրվագով ապացույցները համարել էր անբավարար, և հանցակազմի բացակայություն էր արձանագրել նախապատրաստական փուլում և կատարմանն անմիջապես նախորդող պահին այն կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց կողմից անփութություն դրսևորելու դրվագով։