17 հունվարի 2020 - 15:04 AMT
Մեղրու տարածաշրջանային բուժկենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում» չարաշահումներ են գտել, արդյունքում դրա տնօրենին մեղադրանք է առաջադրվել:

Չարաշահումների վերաբերյալ տեղեկությունը ստացվել էր 2019-ի օգոստոսի 23-ին: Ըստ դրանց՝ տնօրենն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակներով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, փաստաթղթեր կազմելով 2017-ի հունվարի 1-ից՝ 2019-ի դեկտեմբերն իրեն վստահված ուրիշի գույքի էական չափերի յուրացում է արել, հայտնում են Քննչական կոմիտեից։

Առերևույթ չարաշահումների դեպքով ոստիկանությունը քրգործ է հարուցել՝ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքի օգտագործում) և 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը,) հատկանիշներով: Նախաքննության համար այն ուղարկվել է Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Ավելի ուշ պարզվել են մի շարք հանգամանքներ, բացահայտվել հանցավոր այլ դրսևորումներ:

Բավարար ապացույցների հիման վրա տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը: Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-պատիկից-300-պատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով), 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով: Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-պատիկից- 500պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-պատիկից - 1000պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: