17 հունվարի 2020 - 15:39 AMT
Արա Բաբլոյանի պաշտպանը խափանման միջոցի հարցը բողոքարկել է դատախազություն

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը Հատուկ քննչական ծառայության կողմից մերժելու որոշման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել հսկող դատախազին։ Այս մասին ըստ Patinfo.am-ի, հայտնել է Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

Պաշտպանի խոսքով՝ ըստ քրեական դատավարության օրենսգրքի՝ ցանկացած միջնորդություն, եթե մերժվում է, պետք է պատճառաբանված լինի, սակայն «երկու նախադասությունը և մեկ թերթից բաղկացած որոշումը» չեն կարող պատճառաբանություն համարվել ոչ Հայաստանում, ոչ աշխարհի այլ երկրում։

«Որոշման մեջ նշված է՝ Արա Բաբլոյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ։ Հնարավոր է՝ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորվի։ Երբ նման նախադասություն է հիշատակվում, համաձայն ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի և քրեական դատավարության օրենսգրքի՝ պետք է հիմնավորվի փաստական տվյալներով և կամ ապացույցներով, սակայն նման փաստական տվյալ կամ ապացույց չի ներկայացվել»,- ասել է Վարդևանյանը։

Պաշտպանի խոսքով՝ Բաբլոյանն ամբողջ ընթացքում մշտապես դրսևորել է պատշաճ վարքագիծ, նրա դեմ չկա ոչ մի ցուցմունք կամ օբյեկտ, որի նկատմամբ խոչընդոտելու ռիսկ տեսականորեն հնարավոր լինի։

«Ըստ էության 300-րդ հոդվածի մասով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, իսկ 314-րդ հոդվածը, որը մեղսագրվում է, սակայն իրականության հետ որևէ աղերս չունի, համաներման տակ է։ Այսինքն դրանով պատիժ ամեն դեպքում չի կարող լինել։ Հետևաբար ի՞նչ հնարավոր ոչ պատշաճ վարքագծի մասին է խոսքը»,- ասել է Արամ Վարդևանյանը։

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել 2019-ի հոկտեմբերին 2 հոդվածով` իշխանության յուրացում և պաշտոնական կեղծիք։ Ըստ դրա` 2018–ի մարտի 1-ի դրությամբ, երբ 2015–ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր մոտ 40 օր, մի խումբ պաշտոնատար անձինք այդ պաշտոնում իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ, զավթել են իշխանությունը՝ Հրայր Թովմասյանին 2018–ի մարտի 21-ին նշանակելով ՍԴ նախագահ։