17 հունվարի 2020 - 15:46 AMT
ՔԿ. Օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրած երեխա ՀՀ չի վերադարձվել

Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործի քննության ընթացքում որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան, հայտնում են Քննչական կոմիտեից:

Քրգործի շրջանակում որդեգրված երեխաների կամ նրանց կենսաբանական ծնողների վերաբերյալ դեռևս չի նշանակվել որևէ ԴՆԹ փորձաքննություն:

ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննական մարմնի կողմից երբևէ չի տարածվել տեղեկատվություն` այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների թույլ տված ապօրինությունների, ինչպես նաև՝ օրգանների անօրինական վաճառքի նպատակով երեխաների որդեգրում կազմակերպելու վերաբերյալ:

«Նախաքննական մարմնի կողմից մինչ այժմ հրապարակվել են միայն տեղեկություններ` որդեգրումների գործընթացում մասնակից տարբեր անձանց և կառույցների կողմից ՀՀ տարածքում կատարված առերևույթ ապօրինի գործընթացների վերաբերյալ` չխախտելով հրապարակման ենթակա տեղեկատվության թույլատրելի սահմանները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

2019-ի նոյեմբերին բացահայտվել էին տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։ Դեկտեմբերին էլ հայտնի դարձավ, որ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին։ Օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրումների գործով մեղադրանք էր առաջադրվել ևս 4 անձի: Գործով մեղադրյալ համարվող բոլոր 5 անձինք ազատության մեջ են։