17 հունվարի 2020 - 17:23 AMT
Արագածոտնում քրենթամշակույթ կրող անձինք են բերման ենթարկվել

Ոստիկանության Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող անձինք։

Ըստ ոստիկանության՝ անձնական խուզարկություններ են արվել ու մեքենաների զննություններ։ Արդյունքում հրազեններ, դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ են գտնվել, որոնք առգրավվել են։

Հատուկ միջոցառման ընթացքում նաև ապօրինի պահվող թմբուկավոր ատրճանակի, ինքնաձիգի պահունակների, տարբեր տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպք է եղել։

2019 նոյեմբերին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու մասին օրենքը: Դրանով քրեական պատասխանատվություն է սահմանվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ այն պահպանելու, քրենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար և մի շարք այլ դեպքերի համար: