17 հունվարի 2020 - 18:49 AMT
Մայրցամաքային Չինաստանի բնակչության քանակը գերազանցել է 1.4 մլրդ-ը

Չինաստանի բնակչության քանակը, առանց Հոնկոնգի, Մակաոյի և Թայվանի, 2019-ի վերջի տվյալներով կազմում է ավելի քան 1.4 մլրդ մարդ: Այդ մասին հայտնել է Չինաստանի Պետական վիճակագրական ծառայությունը:

Բնակչության աճը 2019-ին՝ 2018-ի համեմատ, կազմել է 4.67 մլն մարդ, գրում է «Ինտերֆաքսը»:

Մինչդեռ ծնելիության մակարդակը երկրում պատմական նվազագույնի է հասել XX դարի կեսից ի վեր: 2019-ին ծնելիության գործակիցը Չինաստանում միջինը կազմել է 10.48 երեխա 1000 մարդու հաշվարկով: Ըստ ՄԱԿ-ի՝ սա ամենացածր ցուցանիշն է 1949-ին ՉԺՀ հիմնադրումից ի վեր, գրում է ՌԲԿ-ն:

1950-1955թթ. ծնելիության մակարդակը Չինաստանում միջինն ավելի քան 4 անգամ ավելի էր և կազմում էր մոտ 42.5 ծնունդ՝ 1000 հոգու հաշվարկով: Բնակչության աճի տեմպերը երկրում սկսեցին կտրուկ նվազել 1970-ականների վերջից, երբ իշխանություն սկսեց այն սահմանափակող քաղաքականություն վարել: Ըստ ՄԱԿ-ի՝ այն ժամանակ 10 տարում ծնելիության գործակիցը 39.5-ից նվազեց մինչև 21.0:

1980-ականների սկզբից Չինաստանում որդեգրվեց «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը:

Դրանից այդ երկիրը հրաժարվեց միայն 2015-ին, սակայն, դա արդեն ծնելիության մեծ աճ չապահովեց: Երկրի տղամարդիկ 715.27 մլն են, իսկ կանայք՝684.8 մլն:

2019-ին նվազել է նաև Չինաստանի աշխատունակ բնակչության քանակը, ինչպես նաև խորացել բնական ծերացման գործընթացը: