17 հունվարի 2020 - 18:53 AMT
ՌԴ ԱԳՆ. ԼՂ կարգավորմանն ուղղված քայլերում առաջընթաց կա

Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց կա: Այս մասին նշվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված՝ լրատվամիջոցների հարցերի պատասխաններում: Նշվում է, որ հարցերը պատրաստվել, սակայն չեն ներկայացվել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ 2019 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեությունն ամփոփող ասուլիսին:

Նախարարության գնահատմամբ` «փոքր քայլերի» իրականացման գործում կան առաջխաղացումներ, որոնց վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել էին 2019-ի ապրիլին` Մոսկվայում հանդիպման ժամանակ։

«Իրավիճակը սահմանին և շփման գծում շարունակում է համեմատաբար հանգիստ մնալ: Երևանի և Բաքվի միջև գործում է հաղորդակցության «թեժ գիծ»»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Դրանում նաև հույս է հայտնվում, որ քայլեր են արվում՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ:

Նշվում է, որ դեռ չի հաջողվել էական հարցերի կարգավորման գործում առաջընթաց գրանցել: ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնել նաև, որ երկու երկրի միջև առարկայական քննարկումները կվերսկսվեն:

2019-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ինչպես նաև արտգործնախարարները, պարբերաբար հանդիպումներ են ունեցել ԼՂ կարգավորման շուրջ: ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը դեկտեմբերի 4-ին էր՝ Բրատիսլավայում: Նախարարները պայմանավորվել են հանդիպել 2020-ի սկզբին: